ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 1-ին Պրահայում մասնակցել է «GLOBSEC» համաժողովի շրջանակներում անցկացվող «Armenia and the EU: Priorities, Partnerships, and Paths Forward» պանելային քննարկմանը։
Նախարարի տեղակալը անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ նշել դիվերսիֆիկացիայի կարևորությունը` միտված Հայաստանի Հարապետության ինքնիշխանության, միջազգային սահմանների, ժողովրդավարության պաշտպանությանը:
Վահան Կոստանյանը ԵՄ հետ համագործակցության համատեքստում կարևորել է Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև ձևավորված ակտիվ քաղաքական երկխոսությունը, ընդգծելով ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵՄ հարթակում գործընկերության խորացման նշանակալի հեռանկարների առկայությունը՝ հիմնված համագործակցության ամուր հիմքերի վրա։
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացումը և գործընկերության նոր օրակարգի ձևավորումը՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանը եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին` Վահան Կոստանյանը վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը եւ նշել, որ Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը` վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը բացելու տարածաշրջանային կապուղիները` ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա: