Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառը: Ըստ այդմ, մայիսի 19-ին կործանվել է երկրի հյուսիսում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում, երբ գարնանային մառախուղի պատճառով բախվել է բլրին։
«Աղետի հիմնական պատճառն այն է, որ գարնանային եղանակային բարդ պայմանների պատճառով, երբ ուղղաթիռը բարձրություն էր վերցնում, հանկարծակի առաջացած խիտ մառախուղը հանգեցրեց նրան, որ այն բախվեց լեռանը», նշված է դեպքի հետաքննության ավարտական զեկույցում։
Գլխավոր շտաբը բացառել է, որ ուղղաթիռի կործանման պատճառը կարող էր լինել արկի հարվածը, ռադիոէլեկտրոնային պայքարը, էլեկտրամագնիսական կամ լազերային զենքի ազդեցությունը։