Հետևեք մեզ։

Թել Ավիվի միջազգային միակ օդանավակայանը փակ կլինի

22:39, 01 սեպտեմբեր 2024
Թել Ավիվի միջազգային միակ օդանավակայանը փակ կլինի

Իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը հայտնում է, որ Թելը Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը սեպտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ից փակ կլինի՝ Իսրայելում համընդհանուր գործադուլի պատճառով։  

 

Իսրայելի աշխատավորական միության «Հիստադրութ» դաշնության ղեկավար Առնոն Բար-Դավիդի հայտարարել է, որ վաղն առավոտյան սկսվող համազգային գործադուլը կընդգրկի նաև Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանը:

Ընդհանուր գործադուլը կմեկնարկի առավոտյան ժամը 6:00-ին, իսկ օդանավակայանը կփակվի, և բոլոր թռիչքներն ու վայրէջքները կդադարեցվեն ժամը 8:00-ին:

The Times of Israel-ի հարցին, թե որքան ժամանակով կփակվի Իսրայելի միակ միջազգային օդանավակայանը, խոսնակը պատասխանել է, որ դա «պարզ չէ»: Նա նաև հայտնել է, որ գործադուլի մեջ ներգրավված աշխատավայրերի ամբողջական ցանկը կհրապարակվի ավելի ուշ: