Մենք արցախահայության վերադարձի տարբերակներ չենք քննարկել և առաջարկներ չենք ներկայացրել ՀՀ կառավարությանը, ետ վերադարձը մեր իրավունքն է և դա չի կարող հակասել ՀՀ պետական շահերին։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Ցավոք սրտի, այսօր ունենք կորսված Արցախ։ Մենք այս օրը մշտապես նշում էինք որպես տոն օր, այսօր դա ավելի շուտ դառնության օր է, մեծ հույսեր ունենք, որ մեզ կհաջողվի վերադառնալ մեր հայրենիք»,-նշել է նա։
Խոսելով Արցախի լուծարման իր ստորագրած փաստաթղթի մասին՝ Շահրամանյանն ասել է․ «Մենք, տեղահանվելով ՀՀ, որդեգրել ենք մի քաղաքականություն, որ մեր համար առաձնահերթություն է ՀՀ անվտանգությունը, ամեն բան պետք է անենք, որ չվտանգենք այն գործընթացները, որ հիմա իրականացվում է ՀՀ իշխանությունների կողմից և չվնասենք անվտանգային համակարգին։ Սակայն մենք տեսնում ենք, որ տարբեր առիթներով մանիպուլացվում է հարցը՝ կապված Արցախի լուծարման հետ։ Այն փաստաթուղթը, որը ստիպված ենք եղել ստորագրել, հնարավորություն է տվել խաղաղ բնակչությանը անվտանգ տեղափոխվել ՀՀ։ Ցավոք սրտի, ունեցել ենք կենդանի պատանդներ՝ ի դեմք մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը։
Ինչ վերաբերում է այդ փաստաթղթին, մենք տեղյակ էինք, որ այն հակասահմանադրական ու հակաօրինական է, այն չի ստացել օրինական ուժ և պաշտոնապես չի հրապարակվել։ Արդեն տեղափոխվելով ՀՀ՝ բոլորն էլ չեն ցանկացել մտնել Ադրբեջանի լծի տակ։ Մենք կայացրել ենք որոշում և մենք գրավոր տեղեկացրել ենք ՀՀ կառավարությանը՝ վարչապետին ՝ իր կից փաստաթղթերով։ Այսօր խոսել այդ փաստաթղթի ուժ ունենալու մասին անիմաստ է»։