Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է բավականին բարձր մնալ՝ պայմանավորված հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սպառման և տնտեսական գործունեության ազդեցություններով:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:
«Տնտեսական ակտիվությունը շարունակում է բավականին բարձր մնալ: Դա պայմանավորված է հիմնային մետաղների արտադրության կտրուկ աճի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների սպառման և տնտեսական գործունեության ազդեցություններով»,-ասաց Հովհաննիսյանը:
Առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 10.4 տոկոս տնտեսական ակտիվության աճ, որը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության՝ հիմնային մետաղների արտադրության, առևտրի և ծառայությունների աճով: Շինարարության և գյուղատնտեսական ճյուղերը ևս նպաստել են այդ աճին: Գյուղատնտեսության ոլորտում հիմնական նպաստումն ունեցել է բուսաբուծությունը: