Հարգելի Լեռնային Ղարաբաղի բնակիչներ, չճանաչված, բայց իրականում գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ այլ կերպ ասած՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ԼՂՀ պաշտոնական տոնի՝ Անկախության տոնի նախօրեին, որը նախորդ տարիներին նշվում էր սեպտեմբերի 2-ին, պարտքս համարեցի իմ ցավակցությունը հայտնել ձեզ, ովքեր, ցավոք, կորցրեցին հայրենիքը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով։ Այս մասին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ իր ուղերձում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
«Սա, անշուշտ, մեծ ողբերգություն է: Եվ անկախ նրանից, թե ով ինչ ասի այս մասին, ես վստահ եմ, որ մենք Ռուսաստանում չենք կարող չհայտնել մեր համակրանքն ու ցանկությունը՝ օգնելու ձեզ այս իրավիճակում։
Ես հիմա չեմ ուզում ամեն ինչ մեկտեղել քաղաքական խնդիրների մասին խոսակցության մեջ և մեղավորներ գտնել, թեև նրանք, իհարկե, կան։ Ուղղակի ուզում եմ ասել, որ նման պահին ռուս ժողովուրդը, եթե իսկապես ռուս է, չի կարող չզգալ այն կարեկցանքի և օգնելու ցանկության զգացումները, որոնց մասին ես խոսեցի մեր հավատակիցների, հայերի առնչությամբ, ովքեր թողեցին իրենց տները, հարազատ վայրերը, եկեղեցիները, վանքերը և, ինչպես գիտենք, շատ կարճ ժամանակում ստիպված եղան փախստական դառնալ։
Սա գրում եմ օգոստոսի 30-ին՝ իմ վաղեմի ընկեր Բակո Սահակյանի ծննդյան օրը։ Հուսով եմ, որ իմ խոսքերը կհասնեն նրան, թեև ես չեմ կարող լիովին վստահ լինել դրանում։ Նա, ինչպես Արկադի Ղուկասյանը, այնպես էլ Ռուբեն Վարդանյանը և մյուսները, գերվեցին ու բանտարկվեցին։ Եվ ես աղոթում եմ Աստծուն, որ նրանց հետ ոչինչ չպատահի, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան իրենց ընտանիքները, վերադառնան Հայաստան։ Որովհետեւ դժվար թե նրանք համաձայնեն մնալ այն Լեռնային Ղարաբաղում, որտեղ հայ բնակչություն չի մնացել»,- ասված է Զատուլինի ուղերձում։