Սերբիայի արտգործնախարար Մարկո Յուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին և ոչ միայն։
«Հայաստանի Սահմանադրության մեջ, ինչպես նաև մի շարք նորմատիվ ակտերում դեռևս կան տարածքային պահանջներ Ադրբեջանի հանդեպ։ Սա ամենալուրջ սպառնալիքն է խաղաղ գործընթացին։ Միևնույն ժամանակ ես նշեցի Հայաստանի շատ ինտենսիվ զինման մասին։ 2024 թվականի համեմատ Հայաստանի ռազմական բյուջեն աճել է մոտ 50 տոկոսով։
Այս գործընթացը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող սխալ քաղաքականությունը և Հայաստանին որոշ երկրների սադրիչ աջակցությունը շարունակում են վտանգ ներկայացնել տարածաշրջանում։
Իհարկե, այս բոլոր գործընթացները վերահսկվում և դիտարկվում են մեր երկրի կողմից։
Եթե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է խաղաղ գործընթացով, ապա պետք է լրջորեն մտածի իր ձեռնարկած քայլերի մասին։ Եվ մենք այստեղ լուրջ փոփոխություններ ենք ակնկալում»,-ասել է նա։