Հետևեք մեզ։

32-ամյա Մնացական Հարությունյանի սպանությունը բացահայտվել է, շարժառիթը վրեժն էր․ ՔԿ

13:42, 02 սեպտեմբեր 2024
32-ամյա Մնացական Հարությունյանի սպանությունը բացահայտվել է, շարժառիթը վրեժն էր․ ՔԿ

 

Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից, ՀՀ Արարատի մարզի Այգավան բնակավայրի Մակուի փողոցի տներից մեկի դիմացից, բազմաթիվ կտրած ծակած վերքերով 2024թ. օգոստոսի 30-ին հարազատների կողմից «Վեդու բժշկական կենտրոն» էր տեղափոխվել 32-ամյա Մնացական Հարությունյանը, ով, սակայն, բուժկենտրոն է հասցվել արդեն մահացած վիճակում։

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեպքի վայրի զննությամբ գետնին ու ավտոտնակի դարպասներին հայտնաբերվել են արնանման հետքեր, գետնին՝ սև գույնի գլխարկ և այլ իրեր, ինչպես նաև՝ դեպքի վայրից որոշակի հեռավորության վրա՝ ծառի տակ՝ խոտերի մեջ, հայտնաբերվել է ենթադրյալ հանցագործության գործիք դանակը, որի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Անմիջապես սկսվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ, ինչի նպատակով նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժնին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վերոնշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել նույն բնակավայրում հաշվառված, Երևան քաղաքում բնակվող 29-ամյա տղամարդ, ով ձերբակալվել է։

Քննությամբ պարզվել է, որ վերջինս, վրեժի շարժառիթով Մ.Հարությունյանին սպանելու դիտավորությամբ, 2024թ. օգոստոսի 29-ի երեկոյան ժամերից գտնվել է վերջինիս բնակության վայրի հարակից տարածքում և դարանակալած սպասել  նրան:

Ժամը 23:50-ի սահմաններում, Մ.Հարությունյանն իրեն պատկանող «Վազ-2115» մակնիշի ավտոմեքենայով եկել է Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրի Մակուի փողոցում գտնվող բնակության վայր:  29-ամյա երիտասարդը դուրս է եկել դարանակալած վայրից և անմիջապես Մ.Հարությունյանի տան դիմաց, իր հետ նախապես վերցրած դանակով,  առանձին դաժանությամբ, իր զոհին տանջանքներ պատճառելու եղանակով դանակով բազմաթիվ հարվածներ  է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր ֆունկցիաներ իրականացնող հատվածներին։

Արդյունքում՝ Մ.Հարությունյանի առողջությանը պատճառվել է  կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերքերի, պարանոցի կտրած վերքի, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի  վնասվածքներ։ Դրանից հետո տուժողին թողնելով անօգնական վիճակում գետնին ընկած՝ դեպքի վայրից դիմել է փախուստի: 

Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։ 

Նախաքննությունը շարունակվում է։ 

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծական