Նիկոլ Փաշինյանը Երևանի «Հերացի» ավագ դպրոցի նորակառույց շենքում խոսել է գիտելիքի առօրեականացման անհրաժեշտության մասին։
«Ես շատ եմ խոսում, որ մեզանում կոթողացման տրամաբանությունը շատ տարածված է, դա վերաբերում է նաև դպրոցներին։ Կարծում եմ՝ դպրոցաշինության ծրագիրը պետք է նպաստի դպրոցների մարդկայնացմանը, պիտի նպաստի ոչ թե գիտելիքի կոթողացմանը, այլ՝ առօրեականացմանը։ Մտածում եմ, որ շատ դեպքերում մենք այնպիսի տոնայնությամբ ենք խոսում գիտելիքի և դպրոցի մասին, որ վախեցնում ենք երեխաներին և տարածություն ստեղծում դպրոցի և երեխաների միջև»,- նշել է Փաշինյանը։
Փաշինյանը նշեց՝ շատ լրջորեն պետք է աշխատել պաթոսի աստիճանի նվազեցման հետ։
«Սա մեր դպրոցների առանցքային խնդիրներից մեկն է։ Այստեղ կա լուրջ խնդիր․ պաթոսը նաև գործիք է, որի տակ հաճախ մենք մեր չիմացությունն ենք թաքցնում։ Այստեղ պրոբլեմն այն է, որ մեր չիմացությունը մեր թշնամիների ամենահզոր զենքն է, որը օգտագործվում է մեր դեմ, մեր դպրոցներում համատարած պաթոսի overdose կա: Սա մեր պետական քաղաքականության խնդիրը պետք է լինի»,- ասել է Փաշինյանը։