Հետևեք մեզ։

ՀՀ դաշնակիցների կողմից անհրաժեշտ է հստակ արձագանք և գործուն քայլեր. Արարատ Միրզոյանը՝ ՌԴ փոխարտգործնախարարին

11:02, 26 ապրիլ 2023
ՀՀ դաշնակիցների կողմից անհրաժեշտ է հստակ արձագանք և գործուն քայլեր. Արարատ Միրզոյանը՝ ՌԴ փոխարտգործնախարարին

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության ապահովման թեմայով խորհրդակցություններ ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Մնացական Սաֆարյանը և Վահե Գևորգյանը, ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

 

Խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Մասնավորապես, վստահության մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով համագործակցության հետագա խթանման, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, հայ-ռուսական հումանիտար կապերի առաջմղման հեռանկարների, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերի շուրջ:

 

Կողմերը ընդգծել են  միջազգային հարաբերությունների՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման պրակտիկայի շարունակման կարևորությունն ու տրամադրվածությունը:

 

Խորհրդակցությունների ավարտին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինին: Պաշտոնական Բաքվի սադրիչ հայտարարությունների և ագրեսիվ գործողությունների հետևանքով տարածաշրջանում ձևավորվող վտանգավոր իրավիճակի, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում գտնվող միջանցքում անցակետի տեղադրման ուղղությամբ ձեռնարկված քայլերի համատեքստում, ՀՀ ԱԳ նախարարի կողմից շեշտվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան Լաչինի միջանցքի ռեժիմի վերականգնման ուղղությամբ Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից հստակ արձագանքի և գործուն քայլերի անհրաժեշտությունը։

Վերլուծական