Արցախցիների վերադարձի հարցը միշտ պետք է պահել միջազգային օրակարգում։ Արցախի Անկախության օրը ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի կազմակերպած «Վերադարձ» խորագրով միջոցառումից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Իհարկե, այս պահին էլ այս հարցը միջազգային օրակարգում կա, սակայն ՀՀ իշխանությունների ծանոթ կեցվածքը հաշվի անելով` հնարավոր է` այդ օրակարգից հարցը դուրս մնա։ Ուրեմն ամեն ինչ պետք է անել, որ արցախցիների վերադարձի հարցը մնա միջազգային օրակարգում»,– ասաց Կիրո Մանոյանը:
Ըստ նրա` այստեղ մեծ անելիք ունեն Արցախի իշխանությունը, Հայաստանի հասարակությունը և սփյուռքն իր բոլոր կառույցներով։
Անդրադառնալով սփյուռքին` Մանոյանն ասաց, որ այսօր արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վերաբերմունքն այնտեղ միանշանակ չէ:
«Դժգոհությունները գնալով ավելանում են, ավելին` կա հիասթափություն ու Հայաստանից ինչ–որ չափով նաև երեսթեքում»,-ասաց Մանոյանը: