Մենք միայն Հայաստանի որոշ պաշտոնյաների համար մենք պատգամավոր չենք: Ես այժմ էլ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր եմ: Այս մասին, այսօր «Վերադարձ» միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:
Նրա խոսքով, իրենց ժողովուրդն է ընտրել և իրենք շարունակում են իրենց լիազորություններն ու պարտականություններն իրականացնել հնարավորության չափով:
«Ինչ վերաբերում է այս տոնակատարությանը, սա առաջին տարին չէ, որ ՀՅԴ-ն կազմակերպում է: ՀՅԴ-ն միշտ նշել է եւ շարունակում է նշել Արցախի Անկախության օրը: Միայն արտառոցը այն է, որ առաջին անգամ այս տոնը Արցախում չենք նշում, նշում ենք մեր երկրորդ հայրենիքում՝ Հայաստանում»,-ասաց Մոսիյանը:
Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում Արցախի վերադարձը, Մոսիյանն ասաց, որ ժողովուրդն իր իրավունքը ոչ մեկին չի զիջել:
«Թեկուզ բռնի ուժով մեր ժողովուրդը տեղահանվել է իր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ նա հրաժարվել է իր ինքնորոշման իրավունքից: Վերադարձը պատկերացնում ենք հավաքական վերադարձ, առնվազն միջազգային այնպիսի երաշխիքներով, որոնցով այս ժողովրդին հնարավոր չլինի իր բնօրրանից հանել»,- ասաց պատգամավորը: