Օգոստոսի 1-ից Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից, պետք է գրանցվեն «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով սահմանված կարգով՝ նշելով իրենց ֆինանսավորման աղբյուրները եւ լրացնելով 2023 թվականի հայտարարագիրը։
Վրաստանի արդարադատության փոխնախարար Տկեշելաշվիլին հայտնել է, որ շուրջ 470 ոչ կառավարական կազմակերպություններ դիմել են արդարադատության նախարարության քաղաքացիական ռեգիստրի ազգային գործակալություն՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքով նախատեսված կարգով գրանցվելու համար։
Փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ օրվա ընթացքում նախարարություն է դիմել 469 կազմակերպություն, սակայն գրանցման վայրերում հերթեր են, ուստի թիվը կհստակեցվի օրվա վերջում։
Ակնկալվում է, որ սեպտեմբերի 3-ից տուգանքներ կգործարկվեն այն ՀԿ-ների նկատմամբ, որոնք հրաժարվել են գրանցվել: Տուգանքը կազմում է 25 հազար լարի (մոտ 9,2 հազար դոլար):
Վրաստանի խորհրդարանը օրենքը ընդունել է մայիսի 14-ին՝ երրորդ և վերջնական ընթերցմամբ, ինչի պատճառով տևական ժամանակ Վրաստանում բողոքի ցույցեր էին։ Այդ օրենքի ընդունումից հետո ԱՄՆ-ն և ԵՄ-ն Վրաստանի հետ հարաբերությունները վերանայելու մասին հայտարարություններ արեցին։