«Մեզ համար Արցախի Հանրապետության և Արցախի էջը փակված չէ»,-Արցախի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ թշնամական քարոզչությունն ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ Հայաստանում, թիրախավորել է արցախցիներին։
«Փորձում են Արցախի հայաթափումը ներկայացնել ձեր՝ չպայքարելու և զենքը վայր դնելու արդյունք։ Շատ հստակ ուզում եմ ասել՝ դուք չեք պարտվել, դուք դավաճանվել եք։ Արցախը չի՛ ընկել, Արցախը հանձնվել է։ Արցախը հանձնվել է՝ Ադրբեջանի մաս ճանաչվելով, մնալով մենակ։Արցախը հանձնվել է՝ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև-Ռեջեփ Էրդողան համագործակցությամբ և հանցավոր համաձայնությամբ»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նա նշեց, որ արցախցին երեք պատերազմներում կռված, քաջության անպատկերացնելի օրինակներ դրսևորած, մեր հայրենիքի սահմանները արյամբ գծած ժողովուրդ է։
Սաղաթելյանը ասաց որ այսօր կատարվածի պատճառները վերլուծելու ելքի ուղիները որոնելու ժամանակն է։
«Ոչ թե աղետների քանակը, կամ մասշտաբը, այլ դրանից հետո ոտքի կանգնելու ունակությունն է որոշում Ազգերի ճակատագիրը»,-ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։