Հետևեք մեզ։

Բոլորը, վկաները վախեցած են, տպավորություն կար՝ ինչ-որ ճնշում են գործադրում․ Փաշինյանի շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հայրը՝ դեպքից մեկ տարի անց

11:41, 26 ապրիլ 2023
Բոլորը, վկաները վախեցած են, տպավորություն կար՝ ինչ-որ ճնշում են գործադրում․ Փաշինյանի շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի հայրը՝ դեպքից մեկ տարի անց

Դատական պրոցեսը սկսել է, վկաներին են հարցաքննում, առայժմ պարզ չէ, թե ինչ վերջաբան կունենա։ Միահամուռ բոլորը ասում են, որ դանդաղ է եղել, էդ արագությունը չի եղել, ինչ նշել են էքսպերտները։ Իսկ էքսպերտները նշել են նվազագույնը 100 կմ։ Ես չեմ հասկանում, բոլորը միահամուռ գալիս են ոստիկանության այդ ուղեկցող խմբի աշխատակիցներ, և անկախ նրանից՝ իրենք տեսել են վթարը, չեն տեսել վթարը կամ ինչ հեռավորության վրա են եղել, շեշտում են, որ այդ արագությունը չի եղել։ Ինչ-որ միտում ա գնում, չեմ հասկանում։ Այս մասին այսօր Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու մահացած Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը։

Այսօր լրանում է Սոնայի ողբերգական մահվան մեկ տարին։ «Այդ վնասվածքները ես, որպես տրավմատոլոգ, գիտեմ, որ էդ արագությամբ, որ գար, խփեր, հենց էդտեղ կընկներ, սովորական կոտրվածքներ կստանար, ոչ թե գնդակի նման կթռներ, մի քարի նման կընկներ ու կյանքի հետ անհամատեղելի տրավմաներ կստանար»,-ասաց Սոնա Մնացականյանի հայրը։


-Իսկ ի՞նչ արագություն են նշում իրենց ցուցմունքներում այդ ոստիկանները։



-Դե, իրենց ցուցմունքներում ասում են՝ 50, 60, 70 կմ/ժ ժամ։ Բայց փորձաքննությունը տվել է 100-ից ավելի, և դա հիմք է։


-Հենց վրաերթի ենթարկած մեքենայի վարորդ ոստիկանին դատարանն ազատ արձակեց՝ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելով ոչ թե կալանքը, այլ ստորագրությունը չհեռանալու մասին։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։



-Չեմ կարող ասել, գտնում են, որ ինքը չի խանգարում պրոցեսին, այնինչ, մենք որ գնացինք տեղում որոշեցինք պարզել, թե ոնց է եղել, ինչ է եղել, ինչի են ջնջել էդ սարքերի՝ ռադիոկապի խոսակցությունները, ոչ ոք մեզ պատասխան չտվեց։ Մի տեսակ բոլորը վախեցած են, վկաները վախեցած են։ Մենք ուզում էինք տեղում պարզել տարածքի բնակիչներից, բնականաբար՝ առաջին մի քանի օրը չէ, հետո գնացինք, բայց ոչ ոք չէր խոսում, տպավորություն կար՝ ինչ-որ ճնշում են գործադրում։ Իսկ ռադիոկապը, իրենց ասելով, չէր աշխատում։ Ուղեկցող անձնակազմը, բնականաբար, հօգուտ վարորդի են խոսում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ