Պետական ցանկացած սուբյեկտի հանդեպ հարգանք ունեմ, ես այդ մարդկանցից որևէ ավել քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթն են իրականացնում, ես էլ իմ իրավունքներն եմ պաշտպանում։ Պրոբացիայի հետ որևէ ավել կամ պակաս ասելու կարիք և անհրաժեշտություն չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Մենք պետականամետ անձինք ենք, կարող ենք անձերին սիրել կամ չսիրել, բայց սուբյեկտին չսիրելը նույնն է, որ ասես՝ «Ես Գորիսի քաղաքապետին չեմ սիրում, ուրեմն քաղաքապետարանը չեմ սիրում»։ Ես իմ աջակիցներին խնդրում եմ չմտնել հուզական ֆոնի մեջ, ես սա չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, ես քաղաքականությունով չեմ էլ զբաղվում»,- ասաց նա։
Դիտարկմանը, որ իրեն դրա համար քննադատում են, Առուշանյանը պատասխանեց․
«Ես նախկին-ներկա ընկերներ չունեմ, ունեմ ընկերներ, գաղափարական ընկերներ, քննադատողները իրականությունը քաղաքական կոնտեքստում են դիտարկում։ Տանը բազմոցին նստած ստատուս գրելը ամենահեշտ գործն է»։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքսեղմումները հաճախ մամուլում տարբեր մեկնաբանությունների է արժանացել, Առուշանյանը արձագանքեց․ «Ես պաշտոնի համար չեն պայքարել, ես պայքարել եմ Արցախի հողի համար, հետևաբար եթե ցանկանայի քաղաքականությամբ գնայի․․․ Ես միշտ ցանկացել եմ, որ Գորիսը շեն լինի»։
Դիտարկմանը, թե ընդդիմադիրներից մեկը (Նաիրա Զոհրաբյանը- խմբ․) ասել է, որ Առուշանյանը Փաշինյանի առաջ կոտրվեց տղայականով էլ, ոչ տղայականով էլ, Առուշանյանը արձագանքեց․
«Կհանդիպենք դեռ փոքրիկ, անկախ՝ ով է ասել»։