Հետևեք մեզ։

Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով

18:29, 03 սեպտեմբեր 2024
Նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաեւ հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով:

 

Հանրակրթական կամ արհեստագործական ծրագրերով սովորելու դեպքում տարկետում տրվելու է մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին՝ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը:

 

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագիծը կհեշտացնի հազարավոր շահառուների կյանքը, կբարելավի գործընթացի կազմակերպումը: