Օգոստոսի 28-ին՝ ժամը 21.40-ին, Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ծառայող պարեկները նկատել են, որ մի քաղաքացի իրենց տեսնելով` դիմել է փախուստի: Կարճ հետապնդումից հետո քաղաքացին կանգնել է: Գողություն կատարելու կասկածանքով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Ոստիկանությունից հայտնում են, որ Նոր Երզնկա գյուղի 27-ամյա բնակիչը խոստովանել է, որ գողության նպատակով Զորավար Անդրանիկի փողոցում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայից պոկել է կողային հայելին, սակայն պարեկներին նկատելով՝ գցել է դեպքի վայրում:
Կոտայքի ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն երիտասարդը նույն փողոցում ու գրեթե նույն ժամին կատարել է գողության ևս մեկ փորձ: Ամբարձիչով բարձրացրել է կայանված մի «Մերսեդես» և փորձել հանել փոխանցման տուփի ցուցիչը: Այս դեպքում էլ, սակայն, հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: