Հետևեք մեզ։

Եմենի զինված ուժերը հարձակվել են Կարմիր ծովում Blue Lagoon I նավի վրա

19:28, 03 սեպտեմբեր 2024
Եմենի զինված ուժերը հարձակվել են Կարմիր ծովում Blue Lagoon I նավի վրա

Եմենի զինված ուժերը հարձակում են իրականացրել Կարմիր ծովում գրավյալ Պաղեստին ուղևորվող նավի վրա: Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է Եմենի զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան,- տեղեկացնում է ԻՌՆԱ գործակալությունը:

 

«Եմենի զինված ուժերը ռազմական գործողություն են իրականացրել Կարմիր ծովում Blue Lagoon I նավի դեմ՝ կիրառելով մի քանի հականավային հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր»,- ասել է շարժման ներկայացուցիչը Al Masirah հեռուստաալիքի եթերում:

 

Ինչպես պնդում է Սարիան, Եմենի զինված ուժերը գրանցել են տանկերի իրանին ուղիղ դիպուկ հարված: Նա նաև ավելացրել է, որ հարձակումը տեղի է ունեցել այն պատճառով, որ նավի սեփականատերը «խախտել է գրավյալ Պաղեստինի նավահանգիստներ մտնելու արգելքը»:

 

Շարժման ներկայացուցիչը մեկ անգամ ևս զգուշացրել է Իսրայելի հետ կապ ունեցող բոլոր ընկերություններին, որ նրանց նավերը, անկախ նշանակետից, կհարձակման ենթարկվեն ծովային ռազմական գործողությունների տարածքով անցնելիս: