Կարողացանք հավաքական կամք դրսևորել և ազատագրել մեր հայրենիքը։ Դա տեղի ունեցավ մարդկանց շնորհիվ, որոնք զինվորական պատրաստություն չունեին, այս մասին այսօր ազատաարտիկների հետ հանդիպման ժամանակ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Սրբազանը:
Նրա խոսքով, յուրաքանչյուրը՝ կյանքի մի բնագավառից, առանց որևէ մեկի պարտադրանքի, ամբողջովին կամավորապես լծվեց հայրենիքի ազատագրման գործին։
«Մենք ապրում ենք ուրախության և կենսագրության գողացված ժամանակներում։ Ես չեմ պատկերացնում մարդկանց, որոնք անցնելով պատերազմի դաշտով, կհամարեն, որ իրենց կյանքում ոչինչ չի պատահել։ Յուրաքանչյուրիս կենսագրությունը ոչ միայն գողացված է, այլև խոցված»,- ասաց Սրբազանը:
Նրա խոսքով, պարտության դառնությունը զգում են միայն նրանք, որոնց համար թե՛ իրենց ընկերը, թե՛ իրենց շրջապատը, թե՛ մարտի դաշտից դուրս եկած լինելը, թե՛ հաղթանակը՝ որպես ամբողջական պատկեր, ներկայացում, իրականություն, իրենցից ու մեզնից խլված է։
«Ինձ համար այսօր ամոթ է թե՛ Եռաբլուրում նայել իմ ընկերների ու եղբայրների աչքերին, թե՛ պարզապես անցնել այն մարդկանց կողքով, որոնք անցել են պատերազմի բովով, մարտի դաշտը չեն լքել, սակայն այսօր իրենք են գտնվում լքվածության մեջ»,- ասաց Սրբազանը: