Հետևեք մեզ։

Առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացվել Հայաստանի և Չինաստանի միջև

22:57, 03 սեպտեմբեր 2024
Առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացվել Հայաստանի և Չինաստանի միջև

Այսօր պատմական իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանի և Չինաստանի միջև՝ առաջին անգամ իրականացվեց ուղիղ չվերթ երկու երկրների միջև: Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 

Չվերթն իրականացրել է China Southern Airlines ավիաընկերությունը Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով: Նախատեսվում է, որ չվերթները կկատարվեն շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին:

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, մեկնաբանելով իրադարձությունը, նշել է. «Այս ուղղությամբ, կարծում ենք, մեծ պահանջարկ կա: Այն կհեշտացնի մարդկանց կյանքը և կխնայի զգալի ժամանակ: Չվերթները վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը»:

 

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Պան Յունը հայտնել է, որ թռիչքները կիրականացվեն B737-800 տեսակի ինքնաթիռներով, որոնք ունեն ավելի քան 300 նստատեղ: Թռիչքի տևողությունը կազմում է ընդամենը 5 ժամ:

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարից Հայաստանի և Չինաստանի միջև գործում է փոխադարձ անվիզա ռեժիմ զբոսաշրջիկների համար: Սպասվում է, որ նոր ուղիղ չվերթը կնպաստի երկկողմ զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանը:

 

Նախարար Սանոսյանը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել Հայաստանից դեպի աշխարհի խոշոր քաղաքներ և երկրներ ուղիղ չվերթերի աշխարհագրությունը: