ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ։ Ռուսաստանը մեղադրել է Արևմուտքին և պաշտպանել է Բաքվին․
«Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացել է խորհրդարանի արտահերթ ընտրություն։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության արդյունքում հաղթել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընտրությանը հետևել է շուրջ 12 հազար տեղական և 589 միջազգային դիտորդ՝ 69 երկրի 51 կազմակերպություններից, այդ թվում՝ ՌԴ-ից։ ԱՊՀ և ՇՀԿ դիտորդական առաքելությունների գնահատականով՝ կայացած ընտրությունը եղել է թափանցիկ, վստահելի և ժողովրդավարական՝ կազմակերպված ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Հակառակ դրան՝ Արևմուտքը և նրա հետ փոխկապակցված միջազգային կառույցները հերթական անգամ արտահայտել են կանխակալ և սուբյեկտիվ գնահատականներ, որոնք չեն համապատասխանում երկրում դեմոկրատական գործընթացի իրական պատկերին»,- հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Ռուսական կողմը շնորհավորել է «ադրբեջանական բարեկամ ժողովրդին՝ ազգային կամարտահայտության հաջող կազմակերպման առթիվ», որի արդյունքներն, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, վկայում են Ադրբեջանի ղեկավարության կողմից վարվող քաղաքական կուրսի և սոցիալ-տնտեսական բարեփոխումների՝ ժողովրդական լայն աջակցության մասին։