2023-ի նոյեմբերին էլեկտրամատակարարման կարճատև ընդհատման հաար ստեղծվեց հանձնաժողով, հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, դա ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր։ Այս մասին հայտարարել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը՝ ներկայացնելով հոսանքի անջատման հետևանքով առավել մեծ աղմուկ հանած դեպքերը։
Անդրադառնալով 2024-ի օգոստոսի 7-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատմանը՝ պաշտոնյան նշեց, որ անջատումը կապված է եղել թատրոնի բալանսում գտնվող տրանֆորմատորի թերության հետ։
«Այդ ամենը մանրամրկիտ բացատրել էին թատրոնի աշխատակիցներին, իսկ թատրոնն անտեսել էր մեր մասնագետների կարծիքը։ Վթարից հետո մեր մասնագետները ևս մեկ անգամ ուսումնասիրել էին պատճառն ու նշել՝ խնդիրը տրանֆորմատորից է, արդյունքում՝ Օպերայի ղեկավարը նամակով դիմել է ՀԷՑ-ին՝ խնդրելով մեր ընկերությունը բարեգործական ծրագրի շրջանակում թատրոնի տրանսֆորմատորը փոխարինվի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն ու իրենց միջոցներով չեն կարող դա անել»,- ասաց Դարբինյանը։
Հաջորդ անջատումը Աբովյանի մարզադաշտում էր։ Պաշտոնյան նշեց, որ ֆուտբոլային հանդիպման ժամանակ, նախքան հոսանքի անջատումը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից գրություն էին ստացել երկու տրանսֆորմատորների մեկն անջատելու վերաբերյալ։
«ՀՖՖ-ի դիմումի հիման վրա մեկ տրանսֆորմատորն անջատվել էր, արդյունքում խաղի օրն ամբողջ բեռն ընկել է մեկ տրանսֆորմատորի ու մեկ ուղղության վրա, որը, չդիմանալով ծանրաբեռնվածությանն, անջատվել էր»,- ասաց Կարեն Դարբինյանը և հավելեց, որ այս դեպքը ևս մանրակրկիտ ուսումնասիրվել է։