Հետևեք մեզ։

Եգիպտոսի նախագահը 12 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայում է

20:00, 04 սեպտեմբեր 2024
Եգիպտոսի նախագահը 12 տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիայում է

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին սեպտեմբերի 4-ին ժամանել է Անկարա՝ բանակցություններ վարելու թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ: Սա 12 տարվա ընթացքում առաջին նման նախագահական այցն է Թուրքիա՝ տարածաշրջանային տերությունների միջև երկար ժամանակ սառեցված հարաբերությունների ջերմացման ֆոնին, գրում է Reuters-ը:

Փետրվարին Էրդողանն էր մեկնել Կահիրե, որը 2012 թվականից ի վեր նրա առաջին այցն էր Եգիպտոս՝ վերականգնելու արդեն մեկ տասնամյակ խիստ լարված կապերը:

Անկարայի և Կահիրեի հարաբերությունները խարխլվել են 2013-ին, երբ Եգիպտոսի այն ժամանակվա բանակի հրամանատար Սիսին տապալել է «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Մուրսիին՝ Էրդողանի դաշնակցին, որը 2012 թ. դարձել էր Եգիպտոսի նախագահը: Մուրսին որպես նախագահ Թուրքիա է այցելել 2012 թ.:

Էրդողանը Սիսիին դիմավորել է Անկարայի օդանավակայանում, որից հետո միասին Էրդողանի ավտոշարասյունով մեկնել են նախագահական պալատ՝ մասնակցելու դիմավորման արարողությանը: Նրանք նախագահելու են նաև Թուրքիա-Եգիպտոս բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստը։