Հետևեք մեզ։

ԼՂ-ի դեմ պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին Էրդողանի հայտարարությունը վրդովել է Բաքվին. Nordic Monitor

20:20, 04 սեպտեմբեր 2024
ԼՂ-ի դեմ պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին Էրդողանի հայտարարությունը վրդովել է Բաքվին. Nordic Monitor

Չնայած Բաքվի պաշտոնական առարկություններին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է պնդել, որ Թուրքիան ներգրավված է եղել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմին, որն ավարտվեց Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հաղթանակով, գրում է Nordic Monitor կայքը։

 

«Էրդողանի շարունակական արտահայտությունները մեծ աղմուկ են բարձրացրել. բանն այն է, որ Բաքուն ավելի վաղ փորձել է ընդգծել հակամարտության ընթացքում իր անկախ ռազմական հնարավորությունները: Թեև պատերազմի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի աջակցությունը լայնորեն հայտնի է, Անկարայի դերի շարունակական շեշտադրումը երկու մերձավոր դաշնակիցների միջև լուրջ լարվածություն է առաջացրել,-նշում է պարբերականը: 

 

Ըստ Nordic Monitor-ի՝ դեռ օգոստոսի 31-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայի ավարտական արարողության ժամանակ նախագահ Էրդողանը վերստին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի պատերազմին՝ հայտարարելով. «Ադրբեջանական Ղարաբաղում, մեր ադրբեջանցի եղբայրների հետ միասին լիովին ջախջախել ենք հակառակորդի ուժերին»։ Էրդողանի հայտարարությունը հնչել է ադրբեջանական պաշտոնական թերթի նախկին նմանատիպ հայտարարություններին արձագանքելուց  անմիջապես հետո:

 

Օգոստոսի 1-ին հրապարակված ադրբեջանական թերթի խմբագրականում նշվել էր. «Մեր ժողովուրդը, բանակը և հրամանատարությունը հիասթափությամբ և խոր վշտով հետևում են մեր հաղթանակը յուրացնելու փորձերին, որն իրավամբ մերն է։ Ադրբեջանի հաղթանակը ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է, բայց Թուրքիան դրա ճարտարապետը չէ»։

 

Խմբագրական հոդվածում քննադատության է ենթարկվել Թուրքիայում արված վերջին հայտարարությունները՝ Անկարային մեղադրելով 44-օրյա պատերազմի փաստերը խեղաթյուրելու մեջ։ Ադրբեջանական լրատվամիջոցները նախազգուշացրել են, որ նման հայտարարությունները ձեռնտու են Հայաստանին։