Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը Hayastan.news-ի հետ զրույցում դժվարացավ ասել՝ արդյոք անվտանգային երաշխիքներ ստացե՞լ են, որ որոշել են Կապանի օդանավակայանում տեխնիկական թռիչք իրականացնել։
Միայն ասաց՝ թռիչքը նորմալ ընթացավ, առանց որևիցե խնդրի։
-Իսկ ինչպե՞ս որոշվեց, որ հենց հիմա պետք է օդանավակայանի շահագործման փորձեր արվեն, և արդյոք այս թռիչքից հետո Քաղավիացիայի կոմիտեն թույլ կտա՞, որ կանոնավոր թռիչքներ լինեն։
-Իմ իմանալով՝ տեխնիկական թռիչք էր այս թռիչքը, և կանոնավոր թռիչքների հետ կապված՝ հույսով եմ, որ կանոնավոր թռիչքները շուտով կլինեն։
-Տեխնիկական՝ նշանակում է փորձնակա՞ն։
-Այո, փորձնական տեխնիկական թռիչք էր սա։
-Իսկ անվտանգության մասով ի՞նչ երաշխիքներ կան, որովհետև ադրբեջանցիները հենց օդանավակայանի կողքի սարի լանջին են նստած։
-Անվտանգության երաշխիքների հետ կապված՝ բան չեմ կարող ասել, պարզապես կարող եմ ասել, որ այսօր տեղի ունեցավ թռիչքը, և որևիցե խնդիր չեղավ թռիչքի ընթացքում։
-Բայց մարդկանց մոտ մտավախություն կա, որ կարող է կրակեն, չէ՞, թռիչքի պահին։ Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ չեն կրակի։ Քաղաքական համաձայնություն կա՞ ադրբեջանական կողմի հետ, որ չեն կրակելու։
-Ես այդ հարցին կդժվարանամ պատասխանել՝ կա՞ համաձայնություն, թե՞ ոչ, բայց կարևորում եմ, որ կանոնավոր թռիչքներ լինեն։
-Իսկ Դուք այդ թռիչքի որոշման կայացմանը մասնակցե՞լ եք։
-Չէ, որոշման կայացմանը չեմ մասնակցել, բայց այսօր ներկա էի տեխնիկական թռիչքին։
-Իսկ կանոնավոր թռիքչների թույլտվություն կա՞ արդեն։
-Իմ իմանալով՝ դեռ այդ թույլտվությունը չկա։
-Կարծիք կա, որ հնարավոր է՝ հերթական մի զիջման դիմաց է Ադրբեջանը համաձայնել այս թռիչքին։
-Չգիտեմ, չեմ կարող ասել, տեղյակ չեմ։ Գիտեմ, որ այսօր տեխնիկական թռիչք իրականացվեց, ու հուսով եմ, որ շուտով կլինեն նաև կանոնավոր թռիչքներ, որովհետև դա կարևոր է։ Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Անվտանգության երաշխիքների հետ կապված՝ բան չեմ կարող ասել, բայց հուսով եմ՝ շուտով կլինեն նաև կանոնավոր թռիչքներ․ Կապանի քաղաքապետ
14:59, 26 ապրիլ 2023