Հետևեք մեզ։

Չենք կարող մեզ թույլ տալ պետբյուջեի միջոցները ծախսել, ձևավորել նոր խումբ, ով ասում է՝ բարձրագույն կրթության 2 դիպլոմը ձեռքին չի կարողանում աշխատանք գտնել․ Նիկոլ Փաշինյան

12:09, 05 սեպտեմբեր 2024
Չենք կարող մեզ թույլ տալ պետբյուջեի միջոցները ծախսել, ձևավորել նոր խումբ, ով ասում է՝ բարձրագույն կրթության 2 դիպլոմը ձեռքին չի կարողանում աշխատանք գտնել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում նախատեսում են ագրարային ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողներին 70-77 հազար դրամ կրթաթոշակ տրամադրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում: 

 

«Առաջարկում ենք կրթաթոշակի տրամադրման քաղաքականության նոր մոտեցումներից ելնելով՝ նախորդ տարի կառավարության որոշմամբ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերի և մասնագիտությունների ցանկի սահմանման նախագծում անել փոփոխություններ: Նախորդ տարվա ցանկում ընդգրկված էին բնագիտական ուղղություններով մանկավարժական ծրագրերը: Առաջարկում ենք այդ ցանկում ներառել ագրարային ուղղվածության կրթության ծրագրերը, որոնք նույնպես պետության համար առաջնային մասնագիտություններ են»,-ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Մասնավորապես առաջարկվում է այդ ցանկում ներառել պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակության մասնագիտությունները՝ անասնաբուժության, անասնաբուժական, սանիտարական փորձաքննության, ագրոնոմիկայի, որտեղ ներառված են օրգանական գյուղատնտեսության, ջերմատնային ագրոտեխնոլոգիայի, բույսերի պաշտպանության ոլորտները, անտառային տնտեսության և բնակավայրերի կանաչապատման, անասնաբուծության, կենդանագիտության և կենսատեխնոլոգիայի, պարենամթերքի տեխնոլոգիայի, խմորման արտադրության տեխնոլոգիայի, գինեգործության, սննդամթերքի անվտանգության և ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտները:

 

Նախարարն ընդգծեց, որ առաջարկն արվում է՝ հաշվի առնելով, որ մեծածավալ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում՝ այդ թվում պետական օժանդակությամբ, որոնք առաջ են բերում մասնագիտական կադրերի հսկայական պահանջարկ: Եվ այդ պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ է, որ կառավարությունն աջակցի այդ ոլորտում կրթություն ստացող ուսանողներին: «Նախագծի ընդունման արդյունքում 70-77 հազար դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային՝ նշված մասնագիտություններով սովորողներին, ինչը կնպաստի, որ այդ կադրերը ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեոսւթյան զարգացմանը»,-նշեց նախարարը:Որոշման կարգավորումները տարածվելու են այս՝ 2024-2025 ուսումնական տարվանից: Որոշման նախագիծը կվերաբերի շուրջ 220 ուսանողի, որոնք կսովորեն ագրարային ոլորտի մասնագիտություններով:Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ սա այն որոշումներից է, որ բխում է իրական կյանքից: «Մենք այս որոշման անհրաժեշտությունը տեսել ենք տարբեր մարզերում մեր ունեցած տարբեր հանդիպումների և շփումների արդյունքում»,-նշեց Փաշինյանը:Նա նկատեց՝ հանրապետությունում հազարավոր հեկտարներով նոր ինտենսիվ այգիներ են հիմնվում: Սկզբնական շրջանում ներդրողները դիմում են արտերկրյա մասնագետների:

 

«Բայց արտերկրյա մասնագետների ավելի լայն ներգրավվածությունը շատ մեծ ծախսերի հետ է կապված: Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում մի շարք մասնագետների ժամավճարներ գոյություն ունեն, որ, մինչև վերջ չես էլ հավատում, որ կարող է նման բան լինել՝ ժամը 700 եվրո, 800 եվրո: Ներդրողներն ասում են, որ իրենք են հիմա փնտրում աշակերտների և ուղղորդում, որ մասնագիտություն ընտրեն, զրոյական մակարդակից աշխատեն, զուգահեռ կրթություն ստանան: Հիմա սա պահանջված է, որ մենք նաև այս խողովակով այդ մասնագիտությունները խթանենք՝ իմանալով, որ աշխատատեղեր կան, դրանք թափուր են և գնալով մեծանալու են»,-ընդգծեց վարչապետը:Նա հավելեց՝ գյուղատնտեսության ոլորտում կրթության խթանումը նաև կօգնի, որ մարդը մասնագետ դառնա ու մնա գյուղում և բարձր վճարվող աշխատանք ունենա: Փաշինյանը նաև շեշտեց, որ այդ կրթաթոշակների արդյունքում պետք է բառի բուն իմաստով դառնան մասնագետներ, ում գիտելիքները պրակտիկ կյանքում կիրառվելու են: «Մենք չենք կարող մեզ թույլ տալ պետական բյուջեի միջոցները ծախսել, արդյունքում ձևավորել նոր խումբ, ով ասում է, որ բարձրագույն կրթության նույնիսկ 2 դիպլոմը ձեռքին չի կարողանում աշխատանք գտնել: Ուրեմն կա ինչ-որ խնդիր»,-հավելեց Փաշինյանը:

 

Վարչապետը նաև կարևորեց, որ ծրագիրը, որն ուսուցանվում է Ագրարային համալսարանում, լինի մրցունակ և պատշաճ: