Մոսկվան երբեք չի հրաժարվել Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացում ազնիվ միջնորդի իր դերից, և դրա ապացույցն են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «ՀԱՊԿ դաշնակիցներ» հասարակական-քաղաքական հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում «ազնիվ միջնորդի» իր դերից։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին շփումները գործընկերների հետ, մասնավորապես՝ օգոստոսի 18-19-ին նրա պետական այցը Ադրբեջան և հեռախոսազրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում արծարծվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, դրա վառ հաստատումն են», - ասել է դիվանագետը:
Նա նաև նշել է, որ ռուսական կողմի և անձամբ Պուտինի շնորհիվ է, որ հաջողվել է կասեցնել 2020 թվականի պատերազմը, մշակել և իրականացնել տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը։
«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք բանակցությունների հաջողությամբ, մեր ամենամոտ հարևանների, գործընկերների և դաշնակիցների բարգավաճմամբ և խաղաղությամբ: Մենք մեր երկու դաշնակիցների միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը համարում ենք անվտանգության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ճարտարապետության կառուցման անփոխարինելի նախապայման»,- ասել է Կոպիրկինը։