Ես կխնդրեմ այդ հարցերը տիկին Վարդապետյանին հղել։ Իմ գնահատման հարցը չէ սա, այլ մարմիններ կան, որոնք շահերի հարցն են քննարկում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունից մատուցված ճաշի մասնակցությանը, որին ներկա էր նար ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Սոցիալական և պաշտոնական միջոցառումներ բոլոր պետություններում տեղի են ունենում և բոլոր պաշտոնատար անձինք հաճախ սոցիալական միջոցառումների ժամանակ հավաքվում են և միասին մասնակցում միջոցառումների։ Խոսքը բարեկամական ճաշի մասին էր՝ տարբեր երկրներից եկած հյուրերի մասնակցությամբ»,- ասաց Մանասյանը։
«Ես բացառիկ ՄԻՊ-երից եմ, որ գրասենյակային աշխատանքով զբաղված չեմ և իմ օրվա հիմնական մասը անցնում է կամ քաղաքացիների հետ շփումներով, կամ խնամքի հաստատություններում եմ։ Ես անձնապես սոցիալական նախաձեռությունների ոչ միայն հեղինակ եմ, այլ նաև մասնակից, և հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ անձնապես սոցիալական նախաձեռնություն եմ իրականացնում»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանը ճաշել էր «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար արտերկրից Հայաստան ժամանած հյուրերի հետ, որի ժամանակ նրան ուղեկցել էին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը, նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։