Հետևեք մեզ։

Թուրքիայի ԱԳ նախարարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ

15:47, 05 սեպտեմբեր 2024
Թուրքիայի ԱԳ նախարարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու մեջ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հյուսիսային Մակեդոնիայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին և Իսրայելի վարչապետ Նեթանյահուին մեղադրել ցեղասպանություն իրականացնելու մեջ:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրում է Գազայի հատվածում խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության հիմնական պատասխանատվությունը։ 

«Ցեղասպանության գլխավոր մեղավորը (Գազայի հատվածում) Նեթանյահուն է։ Նա շարունակում է մահ ու սարսափ սերմանել իշխանությունը պահպանելու համար»,- ասել է նա: 

Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետը սաբոտաժ է անում բոլոր փորձերը, որոնք ուղղված են հրադադարին։

Ֆիդանը հայտարարել է, որ էսկալացիան տարածվել է դեպի Հորդանան գետի արևմտյան ափ, որտեղ իրավիճակը սրվում է Ալ-Աքսա մզկիթի դեմ սադրանքներով։

«Միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Նեթանյահուին: Կոտորածի ֆոնին լռելը հավասարազոր է այս հանցագործությանը մեղսակից լինելուն»,- ընդգծել է Ֆիդանը։