Ադրբեջանի իշխանությունը ոչնչացնում է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությունը, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են։ Այս մասին «Ապառաժ» կայքին տված հարցազրույցում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Ցավոք սրտի, եթե սա մի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացում է և այդ ժողովրդի իշխանության կողմից իրավական, քաղաքական գնահատական չի տրվում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականությամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականություն է, ոչնչացումը տեղի է ունենում Ադրբեջանի իշխանության կողմից, իսկ ՀՀ-ի իշխանությունները լռում են։ Սա ցավ է։ Իսկ մեր հասարակական կազմակերպությունները ինչքան էլ ծեծեն միջազգային կառույցների դռները, այդ դռները փակ են, մարդկանց ականջներն էլ խուլ։
Եկեղեցին, ինչքանով կարողանում է, իր խողովակներով հասու է դարձնում այս ցավալի երևույթները, սրանք էլ մնում են անպատասխան։ Բազմիցս նամակներ ենք հղել, բազմիցս բարձր մակարդակով Վեհափառ Հայրապետը հրավիրել է անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, Համաշխարհային եկեղեցիների խորհուրդին, տասնյակ անգամներ Էջմիածինը և Էջմիածնում գործող գրասենյակը տարբեր մակարդակով դեսպանների է դիմել, բայց ցավ ենք ապրում, որ նույն փութաջանությամբ ՀՀ-ի իշխանություններն անգամ մատը մատին չեն տալիս, իսկ եթե նվիրական ձևով իշխանություններն ուզեն, անշուշտ այդ դռները կբացվեն, դատական հայց կներկայացվի։ Այսօր ՀՀ-ի իշխանություններն անգամ չեն ճանաչել բռնի տեղահանված Արցախի հարցի իրավական ձևաչափը։ Տարին լրանում է անգամ սգի օր չեն հայտարարել։
Այդ վանդալիզմի ձեռքը բռնող չկա, դա կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք կհասկանանք, որ դա ոչ միայն մեր ոգին է սպանում, այլ նաև մեր մարմինը, այս առումով ցավալի է, որ բոլորը ոչ միայն չեն խոսում, այլ համակերպվում են այն իրականության հետ, որն Ադրբեջանն իրականացնում է։ Գրասենյակային ցավ ապրելու, խոսքից անդին ոչ մի աշխատանք չի իրականացվում իշխանությունների կողմից»,- շեշտել է Արցախի թեմի առաջնորդը։
Հարցին՝ Արցախի հայաթափումից հետո համարյա մեկ տարի է անցել, բայց տպավորություն է, թե երկար տարիներ են անցել, ու ամեն ինչ արվում է հարցը մոռացության տալու համար։ Ինպե՞ս կարող ենք վերադարձի նկատմամբ հավատը վառ պահել, իրատեսական հավատը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը պատասխանել է․
«Բոլորս ենք ուզում այդ ավետիսը, բարի լուրը լսել և Արցախում ապրել։ Արցախը մենք չենք կորցրել, Արցախը կա ու շարունակում է մնալ, Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք եղել, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես․․․
Ինչո՞ւ այդպես եղավ։ Մենք պետք է հետ գնանք դեպի մեր ակունքները, տեսնենք, թե մեր նախնիներն ի՞նչ են արել, ի՞նչ գործընթաց են սկսել, որը մենք չենք շարունակել։ Սուրբ գրքում գրված է՝ «ես եմ Հայկի, Նոյի և Գրիգոր Լուսավորչի Աստվածը։ Հայկ նահապետը չարի դեմ պայքարել է, Հայաստան երկիր է ստեղծել, հույսի երկիր է դարձրել, Նոյ նահապետն իր ընտանիքն է փրկել, Լուսավորիչն այնքան խորը հավատ է ունեցել, որ Աստված իջել է Արարատյան դաշտավայրում։ Այս երեք անձերը ընտանիքի, հայրենիքի ու հավատի գաղափարն են մարմնավորում։
Մենք հեռացե՞լ ենք մեր հայրերի տված ուխտից, իհարկե հեռացել ենք։ Այդ դեպքում ի՞նչ ենք ուզում։ Երբ հրեա ժողովուրդը հեռացել էր իր Աստծուց, Աստված ասաց՝ ես Ձեզ կմատնեմ Ձեր թշնամիների ձեռքը, հիմա մեր թշնամիներն ի՞նչ տեսքով են, ի՞նչ գաղափարի կրող են, որտեղի՞ց են եկել, քո ներսի թշնամիների ձեռքն է տալո՞ւ։ Դու կկործանվես, եթե չկատարես քո նախնիների ուխտը։ Շղթան կտրվել է, հիմա ի՞նչ ենք ուզում։ Ոչ մի դաշնակից չունենք, որովհետև ամենակարևոր դաշնակցից՝ անդավաճան Աստծուց, մենք հեռացել ենք և մեղքի մեջ ընկել։ Աստվածապարգև հաղթանակները վերագրել ենք մեզ, անձնավորել ենք և ընկել մահացու մեղքի՝ հպարտության մեջ։
Նյութն ամբոջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։