Հետևեք մեզ։

ՀՀ ոստիկանապետի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել ոստիկանության կայանատեղիին. «Հետք»

18:32, 05 սեպտեմբեր 2024
ՀՀ ոստիկանապետի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել ոստիկանության կայանատեղիին. «Հետք»

ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը 2018 թ-ից հետո թռիչքային առաջխաղացում է գրանցել։ Կոտայքի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելուց կարճ ժամանակ անց նշանակվել է Արմավիրի ոստիկանապետ, ապա՝ ոստիկանապետի տեղակալ, իսկ 2023 թ.-ից՝ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ։ 2022 թ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, նախագահ Վահագն Խաչատուրյանը նրան շնորհել է Ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

 

«Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու՝ Հրաչյա Արամի Հովհաննիսյանի կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։

 

Ամիսներ առաջ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, Գարեգին Նժդեհի 25/8 հասցեում, ավարտին են հասցվել երկհարկանի շինության վերակառուցման աշխատանքները։ Ընդլայնված այդ շինությունը սեփականության իրավունքով պատկանում է Հրաչյա Արամի Հովհաննիսյանին՝ ՆԳ նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի որդուն։ Կառուցապատող Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ համայնքի ՔՊ-ական ղեկավարի խորհրդականն է, դրանից առաջ՝ 2021 թ-ին, ՔՊ-ի ցուցակով ավագանու թեկնածու էր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։  

 

2014-2016 թթ.-ին Արամ Հովհաննիսյանը զբաղեցրել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։ Այդ բաժնի շենքի հարևանությամբ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացած մոտ 200 քմ հողամասը տարիներ շարունակ ծառայել է որպես Ոստիկանության Շենգավիթի բաժնի մեքենաների կայանատեղի։ 2015 թ.-ի դեկտեմբերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ կայանատեղիի զբաղեցրած հողամասի մի մասն աճուրդով վաճառվել է Շենգավիթի ոստիկանապետի 21-ամյա որդուն՝ Հրաչյա Հովհաննիսյանին։

 

Հողամասն օտարվել է հասարակական շինություն կառուցելու նպատակով։ 2016 թ-ին Հրաչյա Հովհաննիսյանը ստացել է շինթույլտվություն և ձեռք բերած հողամասի վրա երկհարկանի շինություն է կառուցել։ Երևան համայնքի ղեկավարների որոշումներով օրինականացվել են համայնքային հողի վրա ինքնակամ կառուցված շինությունները և ուղիղ վաճառքով օտարվել Հրաչյա Հովհաննիսյանին։

 

Պարզելու համար, թե ի՞նչ միջոցներով է 21-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը հողը ձեռք բերել և նման շինարարություն իրականացրել, «Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանին։