Հարավային Կորեան հայտնել է, որ հայտնաբերել է Հյուսիսային Կորեայի կողմից ուղարկված կասկածելի փուչիկներ, որոնք լցված են աղբով, վերջինս դրսևորում է սառը պատերազմի ոճով հոգեբանական պատերազմի հերթական դրվագը այս երկու հակամարտող պետությունների միջև, գրում է Associated press-ը:
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի քաղաքային կառավարությունը չորեքշաբթի տեքստային հաղորդագրություններ է ուղարկել բնակիչներին՝ տեղեկացնելով, որ Հյուսիսային Կորեայից փուչիկներ են նկատվել քաղաքի հյուսիսային շրջաններում: Նրանց հորդորել են մնալ ներսում և զգուշանալ երկնքից ընկնող օբյեկտներից:
Հարավային Կորեայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ քամու ուղղությունը ենթադրում է, որ փուչիկները կարող են քշվել դեպի Սեուլի մոտ գտնվող Գյոնգգի նահանգի հյուսիսային մասեր: Շտաբը հորդորել է մարդկանց, եթե տեսնեն ընկած փուչիկներ, անմիջապես տեղեկացնել ոստիկանությանը կամ բանակին և ոչ մի դեպքում չդիպչել դրանց:
Ներկայումս վնասվածքների կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան:
Վերջին շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեան հազարավոր փուչիկներ է ուղարկել դեպի Հարավ, որոնք պարունակել են թղթի թափոններ, կտորների և ծխախոտի մնացորդներ՝ իբր ի պատասխան Հարավկորեացի ակտիվիստների, ովքեր Հյուսիսային Կորեայի դեմ քարոզչական թռուցիկներ են ուղարկել սահմանով: