Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ինդոնեզիա կատարած իր այցի ընթացքում ստորագրել է հռչակագիր՝ երկրի գերագույն իմամի և այլ կրոնների հոգևոր առաջնորդների հետ։ Հռչակագրում, ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը, ընդգծվում է հակամարտություններին, բռնություններին և կլիմայի փոփոխությանը համատեղ դիմակայելու անհրաժեշտությունը։
«Համաշխարհային մասշտաբի ապամարդկայնացումը նախևառաջ բնութագրվում է լայնածավալ բռնությամբ և հակամարտություններով, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի: Կրոնը հաճախ օգտագործվում է մանիպուլյացիայի համար, սակայն նրա խնդիրն է պաշտպանել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու կյանքը։ Երկիր մոլորակի ռեսուրսների չարաշահումը նպաստում է կլիմայի փոփոխությանը, ինչը նույնպես հասցնում է կործանարար հետևանքների»,- նշված է հռչակագրում։
Փաստաթղթում կարևորվում է հոգևոր առաջնորդների փոխգործակցությունը՝ ճգնաժամերի լուծման, ապամարդկային երևույթների դեմ պայքարի և ժողովուրդների միջև հարգանքի ձևավորման հարցերում։
Փաստաթուղթը ստորագրվել է Հռոմի Ֆրանցիսկոս պապից, Ինդոնեզիայի գերագույն իմամից, ինչպես նաև բուդդայականության, կոնֆուցիականության և հինդուիզմի ներկայացուցիչներից։