ԵԽԽՎ անդամների Ադրբեջան այցի արգելքը կչեղարկվի երկրի պատվիրակության՝ այդ կազմակերպություն վերադառնալուց հետո։
Իլհամ Ալիևն այս մասին ասել է Չեռնոբիլի միջազգային ֆորումում մոդերատորի հարցերին պատասխանելիս։
«Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին (ԵԽԽՎ-ում-խմբ.) հատեց կարմիր գիծը։ Այսպիսով, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը վերականգնեց ինքնիշխանությունը (Արցախի բռնակցումն ու հայաթափումը-Hayastan.news)։ Մենք այլ բան չենք արել, քան այն, ինչ փորձում է անել Ուկրաինան։
Դրանից մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց զրկել մեր պատվիրակության իրավունքից։ Այսինքն, քանի որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը, մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին»,- ասել է Ալիևը։
«Մեր որոշումը նրանց պատասխանն էր։ Եթե նրանք փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքները, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կվերացվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, դրանից հետո արգելքը կվերացվի»,- հավելել է նա։