Ադրբեջանը բանակցություններ է վարում առնվազն երեք նոր եվրոպական երկրի հետ՝ բնական գազի արտահանումն ընդլայնելու նպատակով։ Այս հարցում առկա է որոշակի լավատեսություն։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իտալիայում կայացած ֆորումի ժամանակ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն արդեն գազ է մատակարարում եվրոպական ութ երկրների և ունի պայմանավորվածություն մինչև 2027 թվականը արտահանումը կրկնապատկելու վերաբերյալ։
«Մեր նպատակն է պարզապես աջակցել այդ երկրներին (Եվրոպայում) և Ուկրաինային։ Մենք որոշակի լավատեսություն ունենք, և կարծում եմ՝ բեկումի հիմք կա»,- ասել է Ալիևը՝ չնշելով, թե որ երկրներն են դրանք։
Նա նաև հաստատել է, որ Մոսկվան և Կիևը դիմել են իրեն՝ առաջարկելով նպաստել Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցմանը դեկտեմբերին տրանզիտի պայմանագրի ավարտից հետո։
Եվրոպան այժմ փորձում է գտնել նոր գազային գործարքներ՝ 2022 թվականին Ռուսաստանից հոսքերի նվազումից հետո պահպանելու մատակարարումների ծավալները:
Հոսքերը կարող են էլ ավելի կրճատվել տարեվերջին, երբ ավարտվի համաձայնագրի ժամկետը, որը թույլ է տալիս ռուսական գազը տարանցել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն:
Առայժմ անորոշ է, թե արդյոք հնարավոր կլինի՞ գտնել այլընտրանքային ուղի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանին թույլ չի տա շահարկել երկրի խողովակաշարերը գազի տեղափոխման նպատակով։