«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԿԳՄՍ փոխնախարար, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Գիլոյանի վստահված ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը պաշտոնի հերթական չարաշահումն է թույլ տվել։ Չարաշահման արդյունքում պետությանը զգալի ֆինանսական վնաս է հասցվել, բայց պակաս կարևոր չէ կոռուպցիոն գործարքը։
Բանն այն է, որ պետական նմուշի դիպլոմների տպագրությունը, ըստ աշխատանքային պայմանագրի և պաշտոնի գործառույթի, պետք է իրականացնի էլեկտրոնային կառավարման բաժնի ղեկավարը, տվյալ դեպքում՝ Լիդա Մեծոյանը։ Ռեկտորի ժ/պ Տիգրան Սիմոնյանը, սակայն, տպագրությունը հանձնարարել է մագիստրատուրայի բաժնի ղեկավար Գայանե Թամրազյանին և միջազգային բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանին։ Չբավարարվելով անօրինական հրամանով՝ Տիգրան Սիմոնյանը կարգադրել է լրացուցիչ բյուջեի հաշվին վճարել վերը նշված աշխատակիցներին։
Բուհի ֆինանսական գծով պրոռեկտոր Վերանյանը, համաձայն չլինելով ռեկտորի ժ/պ Սիմոնյանի հետ, հրաժարվել է հանձնարարական իջեցնել, որից հետո աշխատանքից ազատման դիմում է գրում։ Վերանյանի ազատումից հետո Սիմոնյանն ինքն է հրաման իջեցնում կրկնակի վճարման համար, որը խոշոր չափերի է հասնում։ Արդյո՞ք պաշտոնի չարաշահումից, պետական բյուջեի անօրինական վատնումից բացի չկան ռիսկեր՝ պետական դիպլոմի անօրինական տպագրության և կոռուպցիոն այլ բնույթի. գնդակն իրավապահ մարմինների դաշտում է՝ հերթական անգամ Գիլոյանը և իր անմիջական աջակցությունը ստացած Տիգրան Սիմոնյանը կմնան անպատի՞ժ, թե՞ ոչ»։