Ղրղզստանի Բալըղչի քաղաքում սկսվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները, ինչպես նաև «Որոնում-2024» և «Էշելոն-2024» հատուկ զորավարժությունները։
Այս մասին հայտնել են ղրղզական լրատվամիջոցները։
Մինչ զորավարժությունների մեկնարկը Ղրղզստանի պաշտպանության նախարար Բակտիբեկ Բեկբոլոտովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թալեաթբեկ Մասադիկովը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անդրեյ Սերդյուկովը մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հուշարձանի մոտ ծաղկեպսակներ դնելու արարողությանը։
Զորավարժությունների պլանի համաձայն՝ զինվորականները ուսուցում և համատեղ գործողություններ կանցկացնեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում զինված հակամարտությունների կարգավորման ուղղությամբ։ Զորավարժությունները տեղի կունենան երեք փուլով։
Զորավարժություններին մասնակցում են ռազմական անձնակազմեր Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից, ինչպես նաև ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներ։
Զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ երկրների ավելի քան 1500 զինվորականներ, այդ թվում՝ ավելի քան 200 զինտեխնիկա՝ ներառյալ մոտ 10 ավիացիոն տեխնիկա։
Նշենք, որ չնայած Հայաստանը դեռ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, սակայն հրաժարվել է մասնակցել այս զորավարժություններին, իր մասնակցությունը կազմակերպությանը սառեցված է։