Հետևեք մեզ։

Պետք է համբերատար մոտենալ, ոչ թե սկանդալներ փնտրել, այլ Սրբազան շարժման արժեհամակարգային մասը հասկանալ․ Վահագն Մելիքյան

14:31, 07 սեպտեմբեր 2024
Պետք է համբերատար մոտենալ, ոչ թե սկանդալներ փնտրել, այլ Սրբազան շարժման արժեհամակարգային մասը հասկանալ․ Վահագն Մելիքյան

Շատ են հարցերը, որ բացակայում է քաղաքական կոմպոնենտը, սակայն բազմաթիվ անգամ Սրբազանի և մասնագիտական հանրույթի կողմից կետ առ կետ անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական, տնտեսական և այլ բլոկներով։ Այս մասին «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Վահագն Մելիքյանը։

«Այսօր առիթ է՝ դրա մասին ավելի խորքով ըմբռնելու», ասաց նա։

Հարցին՝ արդյոք այս քննարկումներն այն մասին են, որ սեպտեմբերին շարժումն ակտիվ փուլ է մտնելու, Մելիքյանը պատասխանեց․ «Միանշանակ, այս քննարկումը ճանապարհային քարտեզի ակտիվ գործողութւոնների մաս է կազմում։ Այստեղ ավելի խորքով ներկայացվելու են ՀՀ-ի առջև ծառացած ռիսկերն ու լուծման ուղիները»։

Նախկին փոխնախարարը նշեց՝ որևէ բան թաքնված չէ․ «Ինձ մոտ զարմանք է հարուցում, որ դեռ հարցեր են առաջանում, թե ինչ է սա և ուր է գնում։

Դիտարկմանը, որ հանրությունը արագ արդյունքների է սպասում, նա պատասխանեց․ «Հանրությունը տարիներով սպասել է, պետք է համբերատար մոտենալ և ոչ թե սկանդալներ փնտրել, այլ այս շարժման արժեհամակարգային մասը հասկանալ։ Եթե մեկը փորձի զուտ խորանալ և հասկանալ՝ այս պայքարն ինչի մասին է․․․ շատ դեպքերում աղավաղված գնահատականներ են տրվում, որն իրականության հետ աղերս չունի»։