Ճապոնական Qnote տեխնոլոգիական ընկերությունը, որը մշակում է վեբ կայքեր և հավելվածներ, «կատուների հանդեպ սերը» դարձրել է աշխատանքի դիմորդների հիմնական պահանջը: 2004 թվականին ընկերությունը գրասենյակ է բերել առաջին կատվին՝ Ֆուտաբային, սուշի ռեստորանից: Այժմ այնտեղ աշխատում են 10 փափկամազ աշխատակիցներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պաշտոնն ու պարտականությունները:
Կատու-աշխատակիցները Qnote Inc.-ում՝ Տոկիոյի Սուգինամի շրջանում, աշխատում են վաճառքի բաժնում՝ պատասխանատու լինելով իրենց մարդ-գործընկերների հուզական հանգստության, ինչպես նաև սոցիալական ցանցերում հասարակայնության հետ կապերի համար:
Qnote-ի կատուներն ունեն գրասենյակային պաշտոններ, այդ թվում՝ «գլխավոր գրագիր», «մենեջեր», «աուդիտոր» և «բազմոցի կատու», ըստ vesti.ru-ի՝ հաղորդել է ճապոնական Mainichi Shimbun լրատվամիջոցը:
2020 թվականին ընկերությունը տեղափոխվել է նոր գրասենյակ, որպեսզի ընդարձակ չորսհարկանի շենքում ավելի հարմարավետ աշխատեն նաև չորքոտանի աշխատակիցները: Երկրորդ և երրորդ հարկերը հարմարեցվել են կատուների համար:
Ընկերության ղեկավարը նշել է, որ կատուներն «օգնում են մարդկանց մոտենալ միմյանց», ղեկավարներին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրենց թիմի անդամներին՝ հետևելով, թե ինչպես են նրանք շփվում կատուների հետ: