Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը, հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։
Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն»։
Ավելի վաղ հաղորդել ենք, որ Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ «Շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։
Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն». հաղորդել էր ՆԳՆ-ն։
Հաղորդվել է նաև, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։
«Ուշադրություն․ ըստ տեղեկությունների նա զինված է։
Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին», հաղորդել էր ՆԳՆ-ն։