Հետևեք մեզ։

ԵՊԲՀ հերոս բժիշկների հիշատակը հավերժացնող փառքի անկյունից հեռացվել է Արցախի պետական դրոշը

09:17, 08 սեպտեմբեր 2024
ԵՊԲՀ հերոս բժիշկների հիշատակը հավերժացնող փառքի անկյունից հեռացվել է Արցախի պետական դրոշը

Դասախոս Քեյթ Թաիրյանը դիմել է ԵՊԲՀ ղեկավարությանը և խորհրդին՝ ԵՊԲՀ հերոս բժիշկների փառքի անկյունից Արցախի դրոշը հեռացնելու որոշման առնչությամբ։

«Ուղերձ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ղեկավարությանը և ուսխորհրդին: 

Սեպ 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման օրը, տասնյակ բժիշկներ, ուսանողներ և դասախոսներ հավաքվել էին նշելու հայ ժողովրդի հավաքական ուժի եւ միասնականության ամենանվիրական և խորհրդանշական տոներից մեկը: 

Մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, բռնագաղթի և Բաքվի բանտերում այսօր խոշտանգվող ռազմագերիների առկայության պարագայում բժշկական համայնքի ձայնը լսելի դարձնելու հրամայականի առաջ ենք կանգնած: 

Արձանագրում ենք, որ բժշկական համալսարանում Սեպ 2-ին Արցախի անկախության օրվան նվիրված ոչ մի միջոցառում տեղի չի ունեցել, այդ թվում ուսխորհրդի կողմից կազմակերպված: 

100-ից ավելի բժիշկներ, ուսանողներ և դասախոսներ դիմումով խնդրել էին ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին Արցախի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը իրենց նախաձեռնությամբ համալսարանում կազմակերպել: 

Ցավոք մեր մայր բուհը`Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարանը, չթույլատրեց միջոցառման անցկացումը համալսարանի տարածքում և մենք ստիպված եղանք դահլիճ վարձակալել` այլ վայրում քննարկում կազմակերպելու համար: 

Կից ներկայացնում ենք դիմումը, որին ի պատասխան գրավոր մերժում ենք ստացել (նաև կցում ենք միջոցառման ծրագիրը): Արցախի օրը համալսարանում նշելու, զոհված բժիշկների փառքի անկյունում ծաղիկներ խոնարհելու, Արցախյան ազատամարտի մասնակից բժիշկների պատգամը լսելու, 44-օրյա պատերազմին մասնակից և արցախցի մեր ուսանողներին լսելու, բժշկական համայնքի անունից մեր անվերապահ նվիրումը արցախահայերի իրավունքների պաշտպանությանը վերահաստատելու, ռազմագերիների խնդիրը բարձրաձայնլու միջոցառումը համալսարանի ղեկավարությունը որակեց քաղաքական և արգելեց նրա անցկացումը համալսարանում: 

Քննարկմանը մասնակցած բժշկական համայնքի ներկայացուցիչները ցավով տեղեկացան, որ ԵՊԲՀ հերոս բժիշկների հիշատակը հավերժացնող փառքի անկյունից վերջերս հեռացվել է Արցախի Հանրապետության պետական դրոշը: Ա'յն դրոշը, որի պատիվը բարձր պահելու համար իրենց կյանքն են զոհաբերել մեր նահատակ բժիշկները: 

Մասնակիցները որոշում կայացրեցին այս ուղերձով դիմել ԵՊԲՀ ղեկավարությանը և ՈՒԽ-ին` հորդորելով Արցախի դրոշը անհապաղ ետ վերադարձնել փառքի անկյուն: 

Հույս ենք հայտնում, որ այս կոչ-հորդորը կսթափեցնի բուհի ղեկավար կազմին և ուսխորհրդին, և եթե առկա են քաղաքական ուղորդումներ և հրահանգավորում, հորդորում ենք տուրք չտալ Արցախի էջը փակելու որևէ ջանքերի, ում կողմից էլ դա պարտադրվի համալսարանին: 

Քննարկման մասնակիցները նաև հանդես եկան բժշկական համայնքի անունից Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանն ուղղված նամակ-ուղերձով, որը կհանրայնացվի սեղմ ժամկետերում»։