Հետևեք մեզ։

Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, բոլորը պետք է հարգեն այս հանգամանքը. Քաշքավի

12:23, 09 սեպտեմբեր 2024
Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, բոլորը պետք է հարգեն այս հանգամանքը. Քաշքավի

Իրանի Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Քաշքավին Mehr-ի թղթակցի հետ զրույցում, ի պատասխան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման և այդ առումով Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության վերաբերյալ ռուս պաշտոնյաների հայտարարություններին, ասել է.

«Հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծեց՝ սահմանները երբեք չպետք է խախտվեն։ Այս հիմքի վրա չպետք է լինի նվազագույն հարձակում տարածաշրջանի պատմական ու ավելի քան հազարամյա սահմանների վրա։ Տարածաշրջանի կայունությունն ու բարեկամությունը պահանջում է կայունություն սահմաններում։ Իրանի և Հայաստանի միջև ուղիղ սահմանային կապը մի քանի հազար տարվա պատմություն ունի, և բոլոր երկրները, այդ թվում՝ Ռուսաստանի կառավարությունը, պետք է հարգեն այս հանգամանքը»,-ասել է նա։

 

Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ընդգծել է, որ հարկավոր է հարգել տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանները։

 

 «Երբ ես արտգործնախարարության խոսնակն էի, լավ հիշում եմ, որ երբեմն արտաքին գործերի նախարարությունում այնպիսի իրավիճակ էր, որ պահանջում էր հասարակական կարծիքը կամ էլիտայի մի մասը որոշ երկրների դեմ դիրքորոշում ընդունել, բայց քանի որ մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին, ուշադրություն ենք դարձրել տարածքային ամբողջականությանը, հարևանների և սահմանների հարգմանը, ուստի Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումները միշտ եղել են ստատուս քվոյի կայունության և տարածքային ամբողջականության հարգման օգտին։ Ելնելով դրանից՝ մեզ համար շատ զարմանալի է Ռուսաստանի դիրքորոշումը»։