Հետևեք մեզ։

Գործադիրը փոփոխություններ է կատարում «Գնահատման գործունեության մասին» օրենքում

14:57, 09 սեպտեմբեր 2024
Գործադիրը փոփոխություններ է կատարում «Գնահատման գործունեության մասին» օրենքում
 
     

Կադաստրի կոմիտեում գործող գնահատման հանձնաժողովի անդամների համար օրենքով սահմանված հինգ տարվա աշխատանքային ստաժ ունենալու պահանջը կփոխարինվի երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժի պահանջով, հաղորդում են ՀՀ ԱԺ-ից։

Ներկայացնելով «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխությունները`  ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ կսահմանվի գնահատման հանձնաժողովի անդամ լինելու եւ հանձնաժողովի կազմի մեջ ներգրավվելու ռոտացիոն համակարգ: Զեկուցողի խոսքով փոփոխությունը կնպաստի, որ երկու եւ ավելի տարիների մասնագիտական ստաժ ունեցող գնահատողները կարողանան որպես անդամ մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին եւ տալ համապատասխան եզրակացություններ:

ՀՀ քաղաքացի հանդիսացող գնահատողները պետք է 30 եւ ավելի տոկոս մասնակցություն ունենան ՀԿ-ներում, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան հաշվառվել Կադաստրի կոմիտեում: «Այդ մասնակցային շեմը մենք 30-ից իջեցնում ենք 10 տոկոսի` հնարավորություն ստեղծելով, որ գործող 1 գնահատման հասարակական կազմակերպության փոխարեն հնարավոր լինի ստեղծել եւս 4 նմանատիպ կազմակերպություններ եւ դրանք հաշվառել Կադաստրի կոմիտեում` որպես ոլորտի մասնակից ՀԿ-ներ»,- մանրամասնել է Սուրեն Թովմասյանը:

Նախաձեռնությամբ նաեւ որոշակի պահանջներ են սահմանվում լիազոր մարմնում գնահատման ՀԿ-ների հանդեպ` հնգամյա գործունեության ծրագրի ներկայացում եւ դրա վերաբերյալ հաշվետվողականություն:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է որակավորված մասնագիտական հանձնաժողովի անդամ հանդիսանալու պահանջներին:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը բարձրաձայնել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Նրա խոսքով ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք ընդունվել են:

Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստում: