Հետևեք մեզ։

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները կեղծ և մտացածին են. Լիլիթ Գալստյան

15:05, 09 սեպտեմբեր 2024
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները կեղծ և մտացածին են. Լիլիթ Գալստյան
 
     

«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում  լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման  անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը եւ ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը: ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում հարցը ներկայացնելով՝ ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, հաղորդում են ԱԺ-ից։

Նախատեսվում է, որ նախագծի ընդունմամբ առավել կկանոնակարգվի մշակույթի ոլորտի օրենսդրական դաշտը, կդյուրանա ոլորտի կառավարումը եւ կբարձրանա ֆինանսական, գույքային եւ կադրային կառավարման արդյունավետությունը:

Առաջարկվող  փոփոխությունները վերաբերում են Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեությանն ու գործառույթներին, «ինքնազբաղ արվեստագետ» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների հստակեցմանը, մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու գործընթացի արժեւորմանը, պետության կողմից ստեղծարար ոլորտի խթանման եւ զարգացման համատեքստում մշակույթի ոլորտում անվանական թոշակների սահմանմանը:

Ըստ նախագծի՝ աշխարհում եւ Հայաստանում, մասնավորապես՝ մշակույթի ոլորտում ընթացող վերջին տարիների զարգացումներով պայմանավորված առանցքային է օրենքում «ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների» եզրույթի սահմանումը, որը միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված «self-employed artist» եզրույթն է: «Ինքնազբաղ/անկախ ստեղծագործող» ասելով՝ նկատի է առնվում որեւէ ստեղծագործական աշխատողների միության չանդամակցող եւ քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող անձ, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, ով գրանցված է հարկային դաշտում եւ ինքնուրույն իրացնում է իր ստեղծած արտադրանքը:

Առաջարկվում է սահմանել նաեւ «Մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» հասկացությունը, որը նշանակում է մշակույթի որեւէ ոլորտում գործունեություն իրականացնող կամ մշակութային ոչ առեւտրային կազմակերպության հաստիքացուցակում ներառված ֆիզիկական անձ, ով զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ:

Առաջարկվում է նաեւ օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում առկա «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է «պետական» անվանումը շնորհել միայն այն կազմակերպություններին, որոնք ունեն համապետական նշանակություն: Ներկայում համապետական նշանակության կազմակերպությունների տարբերակումն իրականացվում է «ազգային» բառի օգտագործմամբ, մինչդեռ առավել նպատակային է համարվում,  որպեսզի նշյալ կազմակերպությունների նկատմամբ կիրառվի «պետական» բառը, ինչը կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարեւորության, պետության կողմից դրանց առանձնակի արժեւորման մասին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Պատգամավորի խոսքով քննարկվող նախագծում առկա են որոշակի անհստակություններ, առաջարկվում է կատարել փոփոխություններ, որոնք, ըստ պատգամավորի, կեղծ են եւ մտացածին: Կեղծ եւ մտացածին ասելով՝ պատգամավորն ի նկատի ուներ օրենքում «ազգային» բառի փոխարինումը «պետական» բառով:

Պատգամավորն առաջարկել է հետաձգել նախագծի ընդունումը եւ այն  քննարկել  շահառու կազմակերպությունների, ինքնազբաղների,  «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունների, մշակութային դաշտի այլ շահառուների  հետ:

Առաջարկը չի ընդունվել: