Հետևեք մեզ։

Հնդկաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանին

21:35, 09 սեպտեմբեր 2024
Հնդկաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանին

Հնդկաստանի և ԱՄՆ-ի զինծառայողները երկշաբաթյա համատեղ զորավարժություններ են սկսել Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջաստանի նահանգում, որը սահմանակից է Պակիստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

 

«Yudh Abhyas» 20-րդ համատեղ զորավարժություններն սկսվել են Ռաջաստանի Մահաջանի զորավարժարանում: Վարժանքները պլանավորված են սեպտեմբերի 9-ից մինչև 22-ն ընկած ժամանակաշրջանում»։ 

 

Զորավարժություններին կմասնակցի յուրաքանչյուր կողմից շուրջ 600 զինծառայող։ «Համատեղ զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկու կողմերի համատեղ ռազմական ներուժը՝ ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ անցկացնելու համար», - պարբերականին հայտնել է Հնդկաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

 

Հնդկաստանի և ԱՄՆ-ի համատեղ «Yudh Abhyas» զորավարժություններն անցկացվում են կանոնավոր կերպով և հերթափոխով՝ երկու երկրների տարածքում։ Նախորդն անցկացվել է 2023 թ. սեպտեմբերին Ալյասկայում, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2022 թ. նոյեմբերին՝ Հնդկաստանի Ուտարաքհանդի նահանգում։