Հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) այսօր վերջնականապես զրկվեց կոմերցիոն գործունեություն ծավալելու առանցքային փաստաթղթից՝ օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ): Այս մասին տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կայքը։
ՔԱԿ-ն այս տարվա մարտի 7-ին 6 ամսով կասեցրել էր ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը, քանի որ ընկերությունը չուներ օդանավ, իսկ ըստ ՀՀ օրենսդրության՝ ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 6 ամսով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի:
«Ֆլայ Արնա»-ն ՕՇՎ ստացել էր 2022 թ. մայիսի 5-ին, կոմերցիոն թռիչքները մեկնարկել հուլիսի 3-ին: Վերջին թռիչքը եղել է հունվարի 16-ին, ինչից հետո «Ֆլայ Արնայի» միակ ինքնաթիռը կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում: Փետրվարի 26-ին այս բորտը տեղափոխվել է Շարժա, իսկ մարտի 6-ին դուրս է բերվել հայկական ռեգիստրից: Սրա հիման վրա էլ ՔԱԿ-ը կասեցրել է ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը: