Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որին անցած շաբաթհավանություն տվեց Հայաստանի կառավարությունն, ուղարկվել է Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ՝ նշելով՝ սահմանազատման գործընթացում էական տեղաշարժ կա, հաղորդում է «Ազատությունը»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ քննարկումների ընթացքում Կառավարության ներկայացուցիչը փոխվարչապետ, սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը կլինի:
Սահմանադրական դատարանի դրական որոշման դեպքում փաստաթուղթը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով՝ վավերացման:
Կանոնակարգը սահմանված ժամկետից երկու ամիս ուշ ստորագրվեց, տեքստը հրապարակվեց դրանից միայն երկու օր հետո: Գործադիրը պարզաբանեց, թե բովանդակության գաղտնազերծման ուշացումը կապված է նաև Ադրբեջանի հետ գործընթացը հնարավորինս սինխրոնացնելու անհրաժեշտության հետ:
Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
Կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։