Հետևեք մեզ։

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14֊րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ. Արման Եղոյանը նշել է՝ ինչ հնարավորություն է տալիս սա ՀՀ-ին

14:14, 10 սեպտեմբեր 2024
Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14֊րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ. Արման Եղոյանը նշել է՝ ինչ հնարավորություն է տալիս սա ՀՀ-ին

Այսօր Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրամիության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին ՀՀ֊ԵՄ համաձայնագիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Արման Եղոյանը։

 

«Եվրաջասթը Եվրամիության անդամ երկրներում մինչդատական վարույթի  օրինականության նկատմամբ հսկողության մեխանիզմները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող համաեվրոպական կառույց է։ Վերջինիս միջոցով իրականացվում է հավաքագրված տվյալների (այդ թվում` գաղտնի բնույթի տվյալների) փոխանակում ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ` երրորդ երկրների պատկան մարմինների միջև։

 

Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող 14֊րդ երկիրն է, որ համագործակցության համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ (ինչպես օրինակ` ԱՄՆ֊ն, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և ԵՄ անդամության թեկնածու մի շարք երկրներ)։ Սա հնարավորություն կտա խորացնել Հայաստանի և Եվրամիության, ինչպես նաև` ԵՄ անդամ պետությունների պատկան մարմինների միջև համագործակցությունը անդրազգային և ծանր հանցագործությունների հետաքննության և նախաքննության ընթացքում»,-  գրել է Արման Եղոյանը: