Հետևեք մեզ։

Լեռնային Ղարաբաղը հայության նոր կառափնարանի վերածելը պետք է կասեցվի և դրա միակ ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է․ Փաշինյան (տեսանյութ)

11:24, 27 ապրիլ 2023
Լեռնային Ղարաբաղը հայության նոր կառափնարանի վերածելը պետք է կասեցվի և դրա միակ ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է․ Փաշինյան (տեսանյութ)

Ադրբեջանը սրում է իրավիճակը տարածաշրջանում, այս անգամ ապօրինի հսկիչ անցագրային կետ տեղադրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում։ Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայով, ապա հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է։

 

Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել Լաչինում անցագրային հսկիչ կետի տեղադրմանը, բայց կարևոր է նաև արձանագրել այս և մի շարք գործողությունների խորքային նպատակը։

 

Այդ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումն է և Ցեղասպանություն իրականացնելը, և հենց սա պետք է  լինի մեզ բոլորիս, միջազգային հանրության  ուշադրության առարկան»,-ասաց Փաշինյանը։

 

Ըստ նրա՝ հաջորդ հարցը, որը Լաչինում անցակետ դնելով ավելի է սրվում, հետևյալն է․ որքանո՞վ է Ադրբեջանն իրեն պարտավորված զգում կատարել իր՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։ Փաշինյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է, և հավելեց՝ առիթ ունեցել է ասելու, որ Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարության բոլոր կետերը։

 

Փաշինյանը ներկայացրեց կառավարության պատկերացումները իրադրության ընդհանուր կարգավորումների վերաբերյալ․
«ՌԴ խաղաղապահները պետք է վերահսկողության տակ պահեն Լաչինի միջանցքը, այդպիսով՝ ապահովեն բնականոն գործունեությունը։ Բացի ՌԴ-ից, որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի երկկողմ երթևեկությունը, ինչն արձանագրված է եռակողմ հայտարարության մեջ։

 

ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում։

 

Ինչ վերաբերում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ապա այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի ու գործուն համակարգ, հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերն ու էսկալացիան բացառելու մեխանիզմները։

 

Մեզնից ու միջազգային հանրությունից պահանջվում է կոնկրետ ու անկեղծ ջանքեր՝ իրավիճակի հետագա լարում թույլ չտալու և համապարփակ կարգավորման հասնելու համար։ ՀՀ-ն շարունակելու է ջանքեր գործադրել, բայց դրան զուգահեռ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։ Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածելու հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվի և սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է Լեռնային Ղարաբաղում»,-ասաց Փաշինյանը։

 

Նա նշեց, որ որպես առաջին քայլ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղ ու Լաչինի միջանցք  միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ 

Մանրամասները՝ տեսանյութում․